Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Նիդեռլանդներում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Նիդեռլանդներում մի շարք միջոցառումներ են անցկացվել և անցկացվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Nidoragir-ը։
Միջոցառումների շարքը բացվել է ապրիլի 11-ին, Ամստերդամում՝ «Ծիրանի ծառ» երգչախմբի համերգով։ Խումբը, որի կազմում ընդգրկված են հիմնականում հոլանդացի երաժիշտներ, հանդես եկավ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Վլադիլեն Բալյանի, գուսան Շերամի և գուսան Աշոտի ստեղծագործություններով։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, իսկ խմբավարը՝ հոլանդացի երաժիշտ Իվո Բոսվայկը։ Համերգը վերածվել է մշակութային երկխոսության՝ ցավի ու կարեկցանքի, միասնության ցուցադրության հուզիչ դրսևորման:
Հաագայի Կենտրոնական Գրադարանը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախաձեռնությամբ այս ապրիլին ներկայացնում է գրքերի հատուկ հավաքածու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Գրադարանում մինչև ամսվա վերջ խնամքով կազմված գրքերի ու բրոշյուրների ընտրանին Հայոց Ցեղասպանության մասին պարունակում է խորքային գիտելիքներ, իրադարձությունների պատմական համատեքստ և այս ողբերգության մնայուն ազդեցության խորաթափանցություն։ Սա պատշաճ առիթ է՝ ծանոթանալու պատմական անցյալին և հայ ժողովրդի տոկուն ոգուն։
Այս օրերին Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի թեմի հովանու ներքո Եվրոպայում համերգների շարք կունենա Կոմիտասի անվան լարային քառյակը: Ապրիլի 22-ին, Ալմելո հայաշատ քաղաքում՝ ի հիշատակ 1915 թվականի անմեղ նահատակների, Ալմելոյի հայկական եկեղեցում խումբը սոպրանո Ռուզաննա Նահապետյանի մասնակցությամբ ոգեկոչման համերգ կունենա։
Ապրիլի 22-ին, ժամը 19:30-ին մեծ միջոցառում է տեղի ունենալու Հաագայի գերմանական եկեղեցում («Deutsche Evangelische Kirche»): Այս տարվա ոգեկոչման թեման է` «Երիտասարդությունն ու ցեղասպանության ուսուցման կարևորությունը»: Այս թեմայով կհնչեն քաղաքական ու վերլուծական ելույթներ։ Մասնակիցների շարքում կլինեն Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Դոն Սեդերը, վավերագրող Սինան Ջանը, պատմաբան Դիրկ Ռոդզանթը։ Երաժշտական մասը կիրականացնեն սոպրանո Միլենա Բեգլարյանը և «Աբովյան» միության երիտասարդական երգչախումբը։
Ապրիլի 23-ին Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդական միությունը կկազմակերպի ավանդական ջահերով երթ՝ Ալմելոյում։ Հազարավոր մասնակիցներ քայլելու են դեպի Հայ Առաքելական եկեղեցու բակ՝ դեպի հուշահամալիր:
Ապրիլի 24-ին, Կոմիտասի անվան քառյակը` սոպրանո Ռուզաննա Նահապետյանի մասնակցությամբ, կլինի Դիեմեն քաղաքում, որտեղ տեղի կունենա բացառիկ մշակութային միջոցառում՝ «Դիմադրության արձագանքները. Նվիրվածություն նահատակներին Կոմիտասի սրբազան ձայնով» խորագրով։
Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին Ասենի Բոսկամպ գերեզմանատանը տեղի կունենա հիշատակի արարողություն՝ ծաղկեպսակների զետեղմամբ, ելույթներով ու համայնքային աղոթքով։ Կմասնակցեն ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, քաղաքական գործիչներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ապրիլի 24-ը մարդաշատ է լինելու Ալմելոյում: Հազարավոր հայեր և համակիրներ հնարավորություն կունենան այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Միջոցառմանը կմասնակցեն դեսպան Վիկտոր Բիյագովը, Ալմելոյի քաղաքապետը, խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ։
Հայկական բոլոր եկեղեցիներում կղողանջեն զանգերը, կկատարվեն պատարագներ։
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև Ամստերդամում՝ ապրիլի 27-ին։
Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրված հուշաքարի մոտ կանցկացվի ամենամյա հիշատակի արարողությունը։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդեռլանդների խորհրդարանի, Եվրախորհրդարանի պատգամավորներ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 15-ին FAON-ը կրկին հանրագիր է ներկայացրել Նիդեռլանդների խորհրդարանին՝ կոչ անելով ոչ միայն ընդունել Հայոց ցեղասպանությունը հստակ ձևակերպմամբ, այլև ամրապնդել դրա ուսուցումը միջնակարգ կրթության համակարգում։
–00—ՅՄ