Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է։
Նրա փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
«Շուրջ 5 ու կես տարի առաջ իր շենքի բակում զինվորականների հարձակման պատճառով պատմության մեջ ընկած Հարություն Գրիգորյանը քրեական վարույթով արդեն 4-րդ անգամ գնում է տուն։
Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հայկ Պետրոսյանի նախագահությամբ, նրա նկատմամբ կիրառեց տնային կալանք։
Հուսանք` այս անգամ Հարութը քրեակատարողական հիմնարկ չի վերադառնա։
Հուսանք նաև, որ մի օր կվերանա Գրիգորյաններ ընտանիքի նկատմամբ Մխիթարյանների ունեցած թշնամանքը։
Դրան կնպաստի որոշ ԶԼՄ-ների կողմից սուբյեկտիվ նպատակներով խեղաթյուրված լուսաբանման բացառումը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Վայոց ձորում փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանը։ Վճիռը մտել էր օրինական ուժի մեջ։ 2024թ. փետրվարին Հարություն Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։ Այս մասով դատական ակտը բեկանվել էր վերաքննիչ ատյանի կողմից և Հարություն Գրիգորյանը կրկին տեղափոխվել էր ՔԿՀ՝ շարունակելու կրելու պատիժը։ Դրանից հետո Վճռաբեկ դատարանն այս տարվա գարնանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացվել։
Հիշեցնենք նաև, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։