Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի 3 հողամասը կվերադարձվի համայնքին

17/06/2025 09:45 Իրավական

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:

Ինչպես հայտնել են դատախազությունից, վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ բավարարելու մասին վճիռներ: Վճիռներով դադարեցվել են՝

Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը,

Թատերական փողոցի թիվ 18/6 հասցեում գտնվող՝ 322.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը,
Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 360.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Վճիռներն օրինական ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից մեկ ամիս անց:

Վերոնշյալ 16 հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանողի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին դիմում էր ներկայացվել Կադաստրի կոմիտե՝ խնդրելով դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը:

Կադաստրի կոմիտեում նույն օրը կատարվել էր Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի պետական գրանցման դադարեցումը. հողամասը վերադարձվել էր համայնքին:

Վերոնշյալ 16 հայցադիմումներից ևս մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք:

—00—ՄԱ