Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը ազատ կարձակվի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է․
«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17:50-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։ Շուրջ չորս ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանի միջնորդությունը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների անբավարար լինելը։
Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։ Նման որոշումը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ լրագրողական գործունեության ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Լիլիթ Աղեկյանը, որպես հետաքննող լրագրող, շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում՝ իր մասնագիտական գործունեության և բարձրաձայնած բազմաթիվ աղմկոտ բացահայտումների շնորհիվ»։
–00—ՍՊ