Տավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչություն
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, կինն ու որդին այսօր՝ 2025թ. մայիսի 29-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում է Հետք-ը:
1996թ.-ից դատավորի պաշտոն զբաղեցնող Սամվել Մարդանյանը, կինը՝ Շուշանիկ Բադալյանը և որդին՝ Արմեն Մարդանյանը, ներկայանալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ:
Նշենք, որ Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել կամ ինչ դրամային պահանջ ունի դատավորի ընտանիքից։ Պատճառաբանում են, թե շահագրգիռ անձինք կարող են պարզաբանումներ, ապացույցներ ներկայացնել, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի կամ չափերի փոփոխության։ Հետևաբար, ձեռնպահ են մնում ցանկը նախապես հրապարակելուց։
–00–ԱՀ