ՀՀ դատական համակարգի պատվիրակությունը այցելել է Լատվիա՝ փորձի փոխանակման նպատակով

14/05/2025 Իրավական

 

Մայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լատվիայի արդարադատության խորհրդի, Ռիգայի մարզային դատարանի և Յուրմալայի դատարանի դատավորների հետ։ Գործընկերների հետ հիմնականում քննարկվել են գործերի բաշխման և դատարանների կառավարման արդյունավետ համակարգերը։

Այցի շրջանակում պատվիրակությունը ծանոթացել է դատական հաստատություններին՝ ամբողջացնելով Լատվիայի դատական համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Լատվիայի դատարանների ադմինիստրացիայի, Դատական խորհրդի քարտուղարության եւ Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչների հետ:

Լատվիացի գործընկերները ներկայացրել են դատարանների արդյունավետ կառավարման համակարգերը, կատարողականի ցուցիչների և գործերի ծանրաբեռնվածության գնահատման մեթոդների կիրառումը, թվայնացման գործընթացները՝ ներառյալ էլեկտրոնային գործերի համակարգը, արհեստական բանականության կիրառումը, վիճակագրական վերլուծության միջոցով տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցության ռազմավարությունները:

–00—ՍՊ