Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Ռուբեն Մելիքյանը Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով միջնորդություն են ներկայացրել։
«Հիմք ընդունելով ուրբաթ օրը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով գլխավոր դատախազի արտահայտած օրինականության ու արագության հանձնառությունը՝ անհրաժեշտ ենք համարում լրացուցուցիչ դատավարական միջոցներով օգնել ՀՀ դատախազությանը՝ կատարելու այդ հանձնառությունը։ Մասնավորապես, այսօր հսկող դատախազին ներկայացրել ենք Սամվելին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն։
Միաժամանակ վերահաստատում ենք մեր սկզբնական մոտեցումն առ այն, որ այդ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու բոլոր հիմքերն առկա են եղել դեռևս մեկ տարի առաջ։
Ըստ օրենքի՝ հսկող դատախազն ունի 7 օր՝ մեր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար»,- հայտնում են Ս. Վարդանյանի լիազոր ներկայացուցիչներ Վարազդատ Հարությունյանը և Ռուբեն Մելիքյանը։
2024 թ. ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։ Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։
–00–ԱՀ