Վճռորոշ օր ՔՊ-ականների համար․ ով որտեղ կհայտնվի առաջիկայում

20/09/2025 08:59 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է իշխող կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ կանուխ: Չնայած պաշտոնական բացման արարողությունը ժամը 10-ին է, բայց մասնակիցները պետք է մի քանի ժամ առաջ տեղում լինեն՝ գրանցվեն։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր կանոնադրություն, ծրագիր ու վարչություն կընտրի, գրել ենք, որ վարչության անդամների թիվը հինգով ավելացրել են։ Համագումարն այս տարի էլ փակ կլինի լրագրողների համար։

Չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թմբկահարում է, թե «ամենաժողովրդավարական» իշխանությունն են, սակայն իշխող ուժի բոլոր համագումարներն այս տարիներին լրագրողների համար փակ են եղել: Միջոցառումն ուղիղ հեռարձակվելու է, եւ լրագրողներն էլ էկրաններից պետք է հետեւեն դրան։ Սրտատրոփ այսօրվան էին սպասում հատկապես վարչության անդամության թեկնածուները, այսօրվա ընտրություններից է կախված, թե կուսակցության ակտիվից ով որտեղ կհայտնվի առաջիկայում։ Երեկ վարչության կազմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Վերահսկող մարմնի անդամները, աշխատակազմի ղեկավարը համագումարին ընդառաջ այցելել են Համալիր, ստուգել` ամեն ինչ պատրա՞ստ է համագումարին։

—00—ՄԱ