Կուրություն և խլություն ունենալը բացարձակ արգելք չէ դատավոր դառնալու համար. ՍԴ որոշում

19/09/2025 20:30 Ներքին կյանք

Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2025թ. սեպտեմբերի 16-ին Սահմանադրության երկու հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչել Կառավարության կողմից 2019թ. մայիսի 30-ին ընդունված որոշման կետերը, ըստ որի՝ դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելք է սահմանվում երկու ականջի կայուն լրիվ խլութուն կամ խուլհամրություն ու երկու աչքերի կուրություն ունեցող անձանց համար: Հայտնում է «Հետքը»։ 

ՍԴ-ն որոշումը կայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ)՝ 2024թ. սեպտեմբերի 27-ին ներկայացված դիմումի հիման վրա՝ Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման Հավելված 1-ի 15 և 16-րդ կետերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով: Որոշման հենց այդ կետերով էլ նախատեսված է բացարձակ արգելքը:

ՄԻՊ-ի դիրքորոշումն այն է, որ հնարավոր է սահմանել որոշակի հիմքեր, որոնք կարող են նախապայման լինել դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն այդ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող կարգավորումները, ի թիվս այլնի, պետք է ներառեն նաև խտրականության արգելքը և չպետք է նախատեսեն աշխատանքի սահմանափակ հասանելիություն՝ կապված հաշմանդամություն ունենալու հետ:

Ըստ ՄԻՊ-ի՝ ակնհայտ է, որ պետությունը, Սահմանադրությամբ ամրագրելով հանրային ծառայության անցնելու իրավունքն ու խտրականության արգելքը որպես սկզբունք, իր առջև դրել է պարտականություն՝ երաշխավորել յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով հանրային ծառայության անցնելու համար հնարավորությունների ապահովումը:

Կառավարության ներկայացուցիչը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ քննարկվող հարցը հարկ է առանձին քննարկման առարկա դարձնել նաև դատարան դիմած անձանց արդար դատաքննության իրավունքի պատշաճ ապահովման կարևորության համատեքստում: Մասնավորապես՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց կողմից դատավորի պաշտոնում նշանակվելը կարող է հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման։ Հետևաբար՝ հարցը պետք է դիտարկել նաև արդար դատաքննության մատչելիության համատեքստում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ