Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

18/09/2025 19:46 Ներքին կյանք

Սեպտեմբերի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 69-րդ նստաշրջանում: Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ բոլոր ուղղություններով ընթացող համագործակցությունը, վերջինիս բացառիկ փորձը և հեղինակությունը միջուկային ապահովության գնահատման գործում՝ այս համատեքստում ընդգծելով ԱԷՄԳ փորձագիտական ​​​​և խորհրդատվական առաքելությունների շարունակական այցերը Հայաստան:

ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։

Ընդգծվել է Հայկական ԱԷԿ-ի ռազմավարական նշանակությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության և տնտեսական աճի ապահովման գործում՝ վերահաստատելով՝ ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու ՀԱԷԿ անվտանգ և ապահով շահագործումը՝ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին և ԱԷՄԳ կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը և ապագայում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը։

Գոհունակությամբ նշվել է, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային ապահովության հետ կապված որևէ միջադեպ չի արձանագրվել։ Միաժամանակ, ԱԷՄԳ-ն շարունակում է Հայաստանի համար ներկայացել երաշխիքների համապարփակ ապահովման վերաբերյալ եզրակացություններ։

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև այլ ոլորտներում Հայաստանի և ԱԷՄԳ միջև արդյունավետ համագործակցությանը և բարձր գնահատել ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում ՀՀ կարողությունների զարգացման և տեխնիկական ապահովման գործում Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրվող շարունակական աջակցության համար։

Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT)՝ ընդգծելով NPT բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ մշակելու, հետազոտելու, արտադրելու և օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը խաղաղ միջուկային օբյեկտների նկատմամբ զինված հարձակումների կամ հարձակումների սպառնալիքների անթույլատրելիության վերաբերյալ՝ ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսների համապատասխան բանաձևերի և որոշումների համաձայն, և կոչ արել ԱԷՄԳ բոլոր անդամ պետություններին զգոն լինել հնարավոր աղետալի հետևանքների վերաբերյալ:

ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 69-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի և ՀԱՅԱՏՈՄ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

—00—ԼԱ