Կադաստրի կոմիտեի նախագահի աշխատասենյակի միջադեպով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ

18/09/2025 14:58 Ներքին կյանք

Կադաստրի կոմիտեի նախագահի աշխատասենյակում միջադեպի հետ կապված նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։

Նախաքննությունը շարունակվում է», – նշեցին կոմիտեից։

Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը հայտնել էր, որ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը փորձել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցը պարզաբանել։

Միջադեպին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ազատումը, ինչից հետո վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չի ստացել և ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, ըստ տիկնոջ, իր ամուսնուն՝ Արթուրին, առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ, ծեծին մասնակցել է մոտ հիսուն մարդ։

Նշենք նաև, որ ՆԳՆ-ից կատարվածի վերաբերյալ հայտնել են հետևյալը. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։

Հասմիկ Սարգսյան

 

—00—ԼԱ