ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման համար կստեղծվի տեխնիկական անվտանգության կառավարման միասնական համակարգ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։
Նշվում է, որ ՀՀ-ում հաստատուն և շարժական լցավորման կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, որոնք ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ։
«Ներկայումս, սակայն, առկա չեն տեխնիկական անվտանգությունը կանոնակարգող անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ։ Դա ոչ միայն անհավասար պայմաններ է ստեղծում շուկայում, այլև կաշկանդում է պետության կողմից վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացումը, որը լրջագույն ռիսկեր է պարունակում բնակչության առողջության ու կյանքի երաշխավորման տեսանկյունից»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Մասնավորապես, ըստ որոշման` կոնկրետ կանոնների և պահանջների բացակայությունը էապես բարձրացնում է տեխնածին վթարների և դժբախտ պատահարների առաջացման վտանգը:
–00—ՅՄ