Տեր Արամը Հ1-ի եթերում աջակցեց իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին, Եկեղեցու վարկաբեկմանը

17/09/2025 16:56 Ներքին կյանք

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր՝ օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց: Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի մամլո դիվանը։

«Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Արագածոտնի թեմից պնդում են՝ Եկեղեցում տիրարապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազադության, մարդասիրության և աստվածսիրության ոգին: Սրան զուգահեռ եկեղեցականները առաջնորդվում են նաև նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ`եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնոտություններից և կամայականություններից:

«Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմանսյուների, այն է` սիրո և կարգապահության, անկարող պիտի լինեն ամբողջանվեր և արդյունավետ ծառայելու Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր մեր ժողովրդին:

«Իմաստուն տղան լսում է հոր խրատը, բայց ծաղրողը չի ընդունում հոր հանդիմանությունը» (Առակաց 13:1)»»,- ասված է թեմի հայտարարության մեջ։

–00—ՅՄ