Կառավարությունը շրջանառել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու որոշման նախագիծ, որի նպատակն է ձևակերպել և խթանել այն գեղագիտական սկզբունքներն ու չափորոշիչները, որոնք պետք է ամրապնդեն Հայաստանի պետականության ընկալումը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։
Նախագիծը հրապարակվել է e-draft.am իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքում։
Նախագծի հիմնավորվման մեջ նշվում է, որ մինչ այժմ պետականության զարգացումը հիմնականում դիտարկվել է իրավական, տնտեսական և ինստիտուցիոնալ հարթություններով, մինչդեռ բացակայում էր պետականությանը համահունչ գեղագիտական քաղաքականություն. դրա հետևանքով ծրագրերը հաճախ իրականանցվել են մեկանգամյա միջոցառումների տրամաբանությամբ՝ երբեմն հակասական ուղերձներով։
Հայեցակարգը նախատեսում է սահմանել գեղագիտական սկզբունքներ և չափորոշիչներ, որոնք կդառնան բովանդակության խրախուսման հիմք պետական քաղաքականության տարբեր գործիքակազմերով (դրամաշնորհներ, մրցանակաբաշխություններ, փառատոնային քաղաքականություն, մեդիա և թվային տարածում և այլն)՝ առանց պետական բյուջեի լրացուցիչ բեռի:
Գլխավոր գաղափարների առանցքներն են․ խաղաղություն՝ որպես անվտանգային և հասարակական համերաշխության հիմնարար արժեք,հայրենիքի և պետության նույնացում՝ հայրենաճանաչության միջոցով,արդարություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն՝ անհատի և հանրային կյանքի մակարդակներում, հանրային պատասխանատվություն ու մասնակցություն, բաց խոսույթ՝ «տաբու» թեմաների բացակայությամբ, անընդհատ (ինքնա)կրթություն և ստեղծագործություն, միջավայրային գեղագիտություն՝ գեղարվեստական արժեքների «նյութականացում» քաղաքաշինության, հանրային տիրույթի, կրթական ու համայնքային դաշտերում։
Նախագծում շեշտվում է կյանքի որակը բարձրացնող միջավայրերի ձևավորումը՝ դպրոցներ, երիտասարդական կենտրոններ, համայնքային ենթակառուցվածքներ, փողոցային կահավորում, աղբի կառավարման նոր մշակույթ։Խրախուսվելու են առաջնահերթ պատկերել Հայաստանի բնապատկերներն ու համայնքային միջավայրը, մշակութային միջոցառումներում նվազեցնել պաթետիկան, ուժեղացնել շահառուների ձայները և երկխոսային ձևաչափը։ Նախատեսվում է ժանրային «չգրված գրաքննության» հաղթահարումը՝ բեմ տրամադրելով բազմաժանր ստեղծագործության:
Ըստ նախագծի՝ հանրային պաթոսը փոխարինվում է իրական կյանքի բովանդակությամբ․ վշտի/տառապանքի գերակայությունը պետք է համակշռվի կենսասիրությամբ ու ուրախության զգայական դաշտով։ Սա կարտահայտվի խաղացանկերի ու շեշտադրումների փոփոխությամբ, ինչպես նաև ազգային օրերի (Անկախության, Հանրապետության) մասնակցային արարողակարգերի վերանախագծմամբ:Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ԿԳՄՍ նախարարության մասնակցությամբ և հենվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի համապատասխան դրույթների վրա։
—00—ՄԱ