Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

17/09/2025 07:41 Ներքին կյանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման եւ միջազգային ներկայության ձեւավորման միջոց։ Սակայն այս բարձրագոչ ձեւակերպումների հետեւում վտանգավոր միտում է թաքնված. մշակութային դաշտի վերահսկում եւ խմբագրում՝ ըստ քաղաքական պատվերի։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» վաղուց դուրս է եկել գաղափարական հարթությունից եւ վերածվել գործնական քաղաքականության։ Արարատ լեռը արդեն հանվել է անձնագրերի կնիքներից, եւ հասարակության շրջանում աճում է մտահոգությունը, որ նույն ճակատագիրն սպասում է նաեւ պետական զինանշանին։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց «Հայաստանի պատմություն»՝ փաստացի փորձելով կտրել մեր ժողովրդի հազարամյակների շարունակականությունը, Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ այբբենարաններում փոխարինվել է QR կոդով։

Այժմ նույն մոտեցումը ներխուժում է լայն իմաստով մշակութային կյանք։ Հայեցակարգում նշվում է. «պետականության զարգացումը ենթադրում է նաեւ Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձեւերի խրախուսում»։ Սա գործնականում նշանակում է, որ թատրոնից մինչեւ փառատոն, գրականությունից մինչեւ կերպարվեստ, բոլորը պետք է ենթարկվեն «Իրական Հայաստանի»՝ վարչապետի պատկերացրած ճաշակին, ասել է թե՝ գրաքննվեն իշխանությունների սրտով։

Պատմությունը մեզ արդեն ցույց է տվել նման փորձի հետեւանքները։ ԽՍՀՄ-ում պարտադրված «սոցիալիստական ռեալիզմը» արվեստը վերածեց կուսակցական քարոզչության գործիքի։ Ստեղծագործել կարելի էր միայն այն դեպքում, եթե գործը ծառայում էր համակարգին։ Ազատ մտածողները լռեցվում էին։ Այժմ նույն տրամաբանությունն է ներմուծվում նոր փաթեթավորմամբ՝ «Իրական Հայաստանի գեղագիտություն» անվան տակ։

Արդյունքում մենք կանգնած ենք վտանգավոր իրողության առաջ. պետությունը ոչ միայն վերաշարադրում է պատմությունը եւ նսեմացնում ազգային խորհրդանիշները, այլեւ փորձում է թելադրել՝ ինչպես պետք է մտածի ու արտահայտվի հայ արվեստագետը։ Իսկ երբ մշակույթը դառնում է կառավարության որոշման կետ, այն դադարում է ազատ ու կենդանի լինելուց եւ վերածվում է քարոզչական արտադրանքի»։