Շնորհակալություն եմ հայտնում Իրանի դեսպանին մայիսյան ջրհեղեղից հետո ՀՀ-ին աջակցության համար

16/09/2025 19:05 Ներքին կյանք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:

«Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարած ահռելի և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ ու կառուցողական աշխատանքի համար, ինչն էլ ավելի է նպաստել Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը։

Հույս եմ հայտնել, որ համատեղ մեկնարկած ծրագրերը ոչ միայն հաջող ընթացք և ավարտ կունենան, այլև առաջիկայում շատ այլ ծրագրեր կյանքի կկոչենք։

Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին նաև անցած տարվա մայիսյան ջրհեղեղից հետո Հայաստանին ցուցաբերած մեծ աջակցության համար։

Հանդիպման ավարտին հաջողություններ եմ մաղթել դեսպանին իր հետագա առաքելության մեջ՝ ընդգծելով, որ նա ընդմիշտ կմնա որպես Հայաստանի բարեկամ»,- գրել է նախարարը։

–00—ՅՄ