Դիմակավորված անձինք էին մտել տուն, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը․ բացահայտում

16/09/2025 17:27 Ներքին կյանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օրեր տևած հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տվյալներ ստացան, որոնք իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Սեպտեմբերի 13-ին` առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Ավան թաղամասում հայտնաբերվեց ու Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց ավազակության մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը:

Առանձնապես ծանր հանցանքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 24-ին՝ մայրաքաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ 86-ամյա տղամարդու նկատմամբ։

Ըստ հաղորդման՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, դիմակավորված անձինք էին մտել տուն, հարվածներ հասցրել, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, ապա հափշտակել էին 16 հազար յոթ հարյուր դոլար ու 650 հազար դրամ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նույն օրը պարզվել էր ավազակությունը կատարած անձանց ինքնությունը․ Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչներ էին։ Դեպքի հաջորդ օրը քրեական ոստիկանները ձերբակալել ու նախաքննական մարմնին էին ներկայացրել տուն մտած անձանցից մեկին ու նրանց դեպքի վայր հասցրած տղամարդուն։

Սեպտեմբերի 13-ին հայտնաբերված խմբի մյուս անդամը ևս ներկայացվել է քննչական մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է:

—00—ՄԱ