ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը կարևորել է ՀՀ ՔԿ-ի համագործակցության պատրաստակամությունը

16/09/2025 10:03 Ներքին կյանք

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի դերը՝ որպես իրավապահ կառույցների միջև համագործակցության համաշխարհային հարթակ և շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար։

ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ հայ-չինական ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ ընդգրկելով տարբեր, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման և իրավապահ կառույցների փոխգործակցության ոլորտները։

Հանրային անվտանգության նախարարն իր խոսքում ընդգծել է վերջին շրջանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Չինաստան կատարած այցելությունները և նշել, որ չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ իրականացնել կարևոր համաձայնագրերը, ստեղծել համագործակցության ուղիներ իրավապահ և անվտանգության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորությունների՝ մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև մտքեր են փոխանակել կատարելագործելու կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրավապահ մարմինների հնարավորությունները, միավորելու ջանքերը համատեղ նախագծերի անվտանգ առաջխաղացումն ապահովելու համար, խորացնելու համագործակցությունը քննիչների վերապատրաստման ոլորտում՝ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը նոր մեկնարկային կետից խթանելու համար։

Հանդիպման ավարտին Քննչական կոմիտեի նախագահը և Հանրային անվտանգության նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավապահ կառույցների միջև առկա հարաբերությունների ինստիտուցիոնալ ամրապնդման և գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

—00—ԼԱ