Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում նշվեց Ռուսաստանի մայրաքաղաքի 878-ամյակը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ռուս և հայ կոմպոզիտորների հայտնի և սիրված երգերը հնչեցին սեպտեմբերի 13-ին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի բեմից՝ Մոսկվայի 878-ամյակին նվիրված տոնական համերգի ընթացքում։
Երեկոյի սկզբում հյուրերին ողջունեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը։ «Հաճելի է տեսնել այսքան շատ պայծառ դեմքեր և բարի ժպիտներ մեր կենտրոնում, որը այսպես ասած «փոքրիկ Մոսկվա» է Երևանում։ Վստահ եմ, որ այսօր դահլիճում հավաքվածներիս միավորում է Ռուսաստանի մայրաքաղաքի հանդեպ սերը։ Հետևաբար, մեծ ուրախություն է մեր տանիքի տակ հյուրընկալել նրանց, ովքեր անտարբեր չեն Մոսկվայի նկատմամբ, և միասին վայելել այն գեղեցիկ մեղեդիներն ու երգերը, որոնք մենք սիրել ենք մանկուց», – ասաց նա։
Տոնական երեկոյի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ջազային անսամբլը, Հայաստանի ազգային երգչախմբի մենակատար Արթուր Աղաջանովը և երգչուհի, «Ապա, բոլորս միասին» վոկալ հեռուստաշոուի հաղթող Սյուզաննա Մելքոնյանը, որի համար Մոսկվան ճանապարհ հարթեց դեպի մեծ բեմ։
«Ռուսական հեռուստամրցույթին մասնակցությունն ու հաղթանակը մեծ պատասխանատվություն էր ինձ համար։
Այդ հաջողությունից հետո ինձ հաճախ են հրավիրում որպես պատվավոր հյուր ռուսական շոուներում, ինչը մեծ պատիվ է ինձ համար։ Ես դարձել եմ մեր երկրների միջև երկխոսության օրինակներից մեկը։ Եվ ես շնորհակալ եմ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին, որ այսօր հնարավորություն եմ կատարել իմ սիրելի ստեղծագործությունները նման հրաշալի նվագախմբի և մաեստրո Երվանդ Երզնկյանի հետ», – մեզ հետ զրույցում ասաց Սյուզաննա Մելքոնյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար ԻնեսաԿուդրուկը, ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, հասարակական գործիչներ, Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։
«Այսօր մենք ներկա գտնվեցինք հրաշալի համերգի՝ տաղանդավոր կատարողների և լեգենդար նվագախմբի մասնակցությամբ, և, ինչը հաճելի է, լսեցինք մեր սիրելի երգերը։ Այս ամենը չէր կարող չստեղծել տոնական մթնոլորտ և տրամադրություն։ Եվ, իհարկե, շատ կարևոր է, որ ավանդույթները պահպանվում են, քանի որ հնչած ստեղծագործությունները մեր ընդհանուր ժառանգությունն են։ Հաճելի է, որ դահլիճում շատ երիտասարդներ կային, որոնց մենք պարտավոր ենք փոխանցել այս ավանդույթները, որոնք չեն կարող անհետանալ, քանի որ դրանք պարունակում են այն ոգին, որը միշտ բնորոշ է եղել ռուս և հայ ժողովուրդներին», – մեզ հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
–00—ՅՄ