«Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, ոչ միայն սահմանների, այլ նաև հանրային խոսքի
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Երեկ, ՀանդԱրտ կատարողական այգում, երբ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի բեմադրմամբ «Ցանկապատ» ներկայացումը ավարտվեց և հանդիսատեսը ոտքի կանգնեց ծափողջույններ շռայլելու համար, հանդիսատեսներից մեկը ճեղքեց աղմուկն ու սկսեց խոսել․ «Ո՞րն է ձեր ուղերձը», հետաքրքրվեց նա, այնուհետև շարունակեց․ «Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն… երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում»։
Ահա այսպես վերցրեց խոսքը Նիկոլ Փաշինյանը, և, ըստ էության, ներկայացումից հետո արվեստի դաշտը դարձրեց գաղափարախոսական թատրոն: Սա շատ ավելին է, քան պարզապես փորձ հասկանալ արվեստի ուղերձը։ Սա ակնհայտ ազդանշան է՝ որ «Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա, այլ հանրային խոսքի, մշակույթի, հիշողության վրա։ Այն չի մնում գաղափարախոսական քննարկման դաշտում՝ այն ուզում է դառնալ սոցիալական պայման:
Այս ամենն անշուշտ քաղաքական հաշվարկ է։ «Ցանկապատ»-ի ավարտից հետո նրա ուղերձը ենթադրում է, որ «Իրական Հայաստան»-ը չի սահմանափակվելու նոր իրավակարգավորումներով, սահմաններով, խորհրդանիշների վերացմամբ, այն այլևս մտնում է մշակույթի, կերպարների, խոսքի վերահսկողության ոլորտը:
Սեպտեմբերի 20-ի համագումարը մոտ է: Սպասվում է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը կընդունվի որպես կանգառ, որպես քարոզարշավի գաղափարախոսական հենարան որտեղ սահմանները, իշխանության ձևերը, հանրային խորհրդանիշները դեռ թեմաներ են լինելու:
Կարևոր է, որ մենք բոլորս խելամիտ արձագանքելու և գործուն միջամտելու մեր ունակությունն ու կարողությունը չկորցնենք։ Չմոռանանք, որ նույնիսկ սահմանների մեջ, նույնիսկ «իրական» օրակարգի պայմաններում, «Նվիրական Երկիրը» ոչ միայն պահպանելի է, այլև՝ մեր ուղեցույցը մնալու այլընտրանք չունի»:
–00—ՅՄ