Ալիևն արձանագրել է, որ ագրեսիան նպատակ է ունեցել վերահսկողություն սահմանել ՀՀ-ի սահմանների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Ալիևը նշել է, որ արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադրբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են՝ ակնարկելով Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների գնալու իր ցանկության մասին․ «Մենք երբեք չպետք է բավարարված զգանք։ Բանակաշինության գործընթացը շարունակվելու է, և Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, ինչքան էլ աջակցություն ստանա, եթե մեզ համար վտանգի աղբյուր լինի, մենք անմիջապես կոչնչացնենք այդ վտանգի աղբյուրը։ Չեմ թաքցնում, որ վաղը ոչ ոք չասի, որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող լսողները լսեն, որ եթե մենք իրական վտանգ տեսնենք մեզ համար, ոչ թե խարխլված ֆրանսիական «բաստիոնները», այդ թիթեղյա տարաները, այլ իրական սպառնալիք, մենք կանխարգելիչ միջոցներով կկործանենք այդ սպառնալիքը ցանկացած վայրում»։
Ալիևն, իհարկե, չի մոռացել տարածքային հավակնություններ առաջ քաշել Հայաստանի, հատկապես մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ «Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում Ադրբեջանի հողերը մաս-մաս տրվեցին Հայաստանին։ 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, ցավոք, Իրավան քաղաքը հանձնվեց Հայաստանին։ Սակայն դրա համար ոչ մի պատճառ չկար։ Սա Ադրբեջանի հնագույն քաղաքն է։ Ադրբեջանցի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, և Իրավանի պատմությունը, այսինքն՝ պատմական տեսքը, որը ջնջվում է այսօր, հաստատում է ադրբեջանական ճարտարապետական հուշարձանների գոյությունը, դրանց դարավոր գոյությունը։ Իրավանն այն քաղաքներից է, որը կարծես թե հին քաղաք չունի։ Բայց դա իրականում ադրբեջանական քաղաք էր, որը քանդվեց ու ավերվեց։ Ինչ վերաբերում է այդ որոշմանը, կարծում եմ, և բոլորը հավանաբար կհամաձայնեն ինձ հետ, որ դա մեծ պատմական հանցագործություն էր, ոչ թե սխալ, այլ հանցագործություն․․․
Այսպիսով, դա հսկայական պատմական հանցագործություն էր, և դա միայն սկիզբն էր։ 1920 թվականի ապրիլին խորհրդայնացումից հետո՝ նոյեմբերին, խորհրդային իշխանությունը Ադրբեջանից խլեց Արևմտյան Զանգեզուրի ավելի մեծ մասը և տվեց Հայաստանին։ Սա նույնպես պատմական փաստ է, կան քարտեզներ, կան 20-րդ դարասկզբի քարտեզներ։ Կա Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության քարտեզը և դրա վրա կա Զանգեզուր՝ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ամբողջ Զանգեզուրը եղել է Ադրբեջանի տարածքը, և դա եղել է խորհրդային տարիներին։ Տարիների ընթացքում հողի նման նվերները շարունակվեցին: Վերջին անգամ նման հող նվիրաբերվել է 1969թ. մայիսին: Այդ ժամանակ մեր հողերը մաս-մաս տրվել են Հայաստանին, իսկ մոտ 100.000 քառակուսի կիլոմետր տարածքից, խոսքս Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության տարածքի մասին է, այն իջել է 86.600 քառակուսի կիլոմետրի։ Այն բանից հետո, երբ 1969 թվականի հուլիսին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի ղեկավար, այդ հողային նվերները և այդ գործընթացը դադարեցվեցին։ Մինչ այդ բաժանվում էր մաս-մաս»։
Ալիևը նաև ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի․ «Այնպես որ, իհարկե, մենք ոչ մի տեղ հետ չենք գնալու։ Ոչ 2021 թվականի մայիսի դիրքերից, ոչ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից, մենք հետ քայլ չենք անում, քանի որ այդ սահմանը պետք է սահմանվի։ Սակայն մեր գտնվելու վայրը, որը ներկայումս վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում։ Այն դիրքերն ու բարձունքները, որտեղ մենք կանգնած ենք, նախկինում երբեք բնակեցված չեն եղել։ Այսօր Հայաստանը շարունակում է օկուպացնել մեր գյուղերը, և դա անընդունելի է։ Կրկին ուզում եմ նշել, որ այս հարցը կհստակեցվի այս ամսվա վերջին հանձնաժողովների նիստի ժամանակ»։
Ալիևն արձանագրել է, որ 2021 թվականի մայիսին, նոյեմբերի և 2022 թվականի սեպտեմբերին ձեռնարկած գործողություններն ու ագրեսիաները նպատակ են ունեցել վերահսկողություն սահմանել Հայաստանի միջպետական սահմանների նկատմամբ։ Նա նշել է․ «Ջերմուկ քաղաքը` մեր նախկին իրական անունով Իստիսու քաղաքը, հենց մեր դիմաց էր: Ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել: Մեր նպատակը մեր սահմանը պաշտպանելն էր։ Մենք պետք է ունենայինք այն բարձունքները, որպեսզի կարողանայինք մեր աչքերով տեսնել Հայաստանի ծրագրերը։ Այս թեմայի շուրջ զրույցի ժամանակ մի արևմտյան պաշտոնյա ինձ ասաց, որ դու արբանյակ ունես և այն կարող ես տեսնել արբանյակից։ Ես նրան ասացի, որ իմ աչքերն իմ արբանյակն են։ Ես պետք է դա տեսնեմ իմ աչքերով․․․»։
Խոսքի վերջում Ալիևը մաղթել է նոր հաղթանակներ»։
—00—ՄԱ