Պապոյանն ու Իրանի նավթի նախարարը անդրադարձել են ապագա համագործակցության հնարավորություններին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարին։ Այս մասին նախարարը տեղեկացրել է սոցցանցի իր էջում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական ոլորտում ձևավորված սերտ գործընկերության զարգացումը։
«Նշել եմ, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր որակի և մրցունակ գներով իրանական հեղուկ գազով, որը կարող է դառնալ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիմք՝ միաժամանակ նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Անդրադարձ է կատարվել ապագա համագործակցության հնարավորություններին, որոնք ընդգրկում են՝ նավթի և նավթամթերքների առևտրի ընդլայնումը, հեղուկ և բնական գազի մատակարարման ենթակառուցվածքների զարգացումը, համատեղ ներդրումները էներգետիկայի ոլորտում, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցների («Հյուսիս-Հարավ», «Խաղաղության խաչմերուկ») արդյունավետ օգտագործումը»,- գրել է նախարարը։
—00—ՄԱ