Հայ ժողովուրդը ֆրանսիայի հետ ունի խոր և բարեկամական ամուր հիմքեր․ Գեղարքունիքի մարզպետ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Կուտականում մասնակցեցին առաջին օգնության դասընթացների մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետ Կարեն Սարգսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրում, որտեղ տրվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և «Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» ֆրանսիական կազմակերպության կողմից մարզի սահմանամերձ և սահմանին մոտ՝ 0-10 կմ հեռավորության վրա տեղակայված բնակավայրերում իրականացվող առաջին օգնության դասընթացների մեկնարկը։
Արարողությանը մասնակցել են նաև Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը, Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանը, առողջապահության, կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցականներ, բնակիչներ։ Դասընթացները նախատեսվում է անցկացնել մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը՝ մարզում նման կարգավիճակ ունեցող 30 բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ։
Յուրաքանչյուր բնակավայրում անցկացվող երկօրյա դասընթացների ընթացքում տեղի բնակիչները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, իսկ ավարտին յուրաքանչյուր մասնակից կապահովվի առաջին օգնության պարագաների անհատական տուփով։ Առաջին օգնության պարագաների մեկական մեծ տուփեր էլ կտրամադրվի տվյալ բնակավայրի դպրոցին, համայնքապետարանին և բուժկետին։
Միջոցառման ընթացքում դեսպանը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է սահմանային բնակավայրերին ցուցաբերվող աջակցությունը և եթե ֆրանսիական կողմը իրականացնում է նման ծրագեր, ուրեմն բարձր է գնահատում կողմերի միջև առկա համագործակցության մակարդակը։
«Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շատ ընդգրկուն է․ սկսած զբոսաշրջության զարգացումից, ֆրանսերեն լեզվի ուսուցումից, զբոսաշրջության զարգացումից մինչև առողջապահական հիմնարկների վերանորոգում, սարքավորումներով վերազինում։
Բարի ընթացք եմ մաղթում այս ծրագրին և փաստում, որ հայ ժողովուրդը ֆրանսիական կողմի հետ ունի խորը և բաեկամական ամուր հիմքեր։ Ֆրանսիան մեր կողքին էր նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում»,- նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։
—00—ՍՊ