Վիեննայում Արմեն Գրիգորյանն ու Պետեր Լաունսկին անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

09/09/2025 17:05 Ներքին կյանք

Վիեննայում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ավստրիայի կանցլերի աշխատակազմի Գլոբալ հարցերով հատուկ ներկայացուցիչ Պետեր Լաունսկի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ: ԱԽ քարտուղարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերի ընթացքը: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է տնտեսական լայն հնարավորությունների ստեղծումն ապաշրջափակման արդյունքում և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության պատրաստակամությունը:

—00—ՄԱ