Վարդապետյանը քննարկել է դատախազների Ասոցիացիայի համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ, Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Խուան Բաուտիստա Մահիկեսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել էր Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Այսօր կայացած ընտրության արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահին՝ վստահության և աջակցության համար և ընդգծել, որ իր համար պատիվ է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ ընտրվելն ու դատախազական միջազգային համայնքի հետ մասնագիտական երկխոսության այս նոր ձևաչափով աշխատանքը շարունակելը:
ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մոտեցումը՝ ուղղված դատախազների մասնագիտական կրթության շարունակական բարելավմանը և ընդգծել, որ ՀՀ դատախազության համար դատախազների պարբերական վերապատրաստումները ևս առաջնահերթություն են:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԴՄԱ նախագահին՝ տարեկան համաժողովին մասնակցելու հրավերի համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը կշարունակի խորացնել իր համագործակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը:
—00—ԼԱ