«Պատիվ ունեմ»-ը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել.
«Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Թագուհի Թովմասյանը հրապարակային պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Սրան ի պատասխան, ՔՊ–ականն այսօր ասել էր. «Ես էլ, հաշվի առնելով, որ տիկին Թովմասյանը, բացառապես լրագրող աշխատելով, 4 հատ տուն ունի, պետք է առաջարկեմ դա մեկնաբանի, իսկ եթե չմեկնաբանի, ապա ինձ մոտ ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե որտեղից Թագուհի Թովմասյանին 4 հատ տուն։ Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից»,-հավելեց նա։
—00—ԼԱ