ԿԳՄՍՆ նախարարը տեղում ծանոթացել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացող աշխատանքներին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Աշխատանքի ընթացքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի անդամները՝ նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանի գլխավորությամբ, շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ, պատասխանատու պաշտոնյաներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է թանգարանի, թանգարանի վարչական հատվածի տանիքների առկա վիճակը, նորոգման ընթացքը, հստակեցվել են շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները: Նախարարը շեշտել է՝ հիմնանորոգման ընթացքում թանգարանի աշխատանքը պետք է ապահովվի անխաթար:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է մասնագետների հետևողական ջանքերի կարևորությունը՝ աշխատանքները որակյալ և ժամանակին իրականացնելու նպատակով:
—00—ԼԱ