«Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում հայտնի «Լունապարկ»-ում։ Այդ օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshtan.com-ը։
Հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա վիրահատարանում է և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանում առանց հաշվառման ապրող 32-ամյա Վարդգես Թ.-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
–00—ԱՊ