Հանրապետական մարզադաշտը հակաֆուտբոլային է՝ «կախիչից» սկսած, նորը կառուցո՞ղ եք, անցեք գործի
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Ինչպես թատրոնը սկսում է կախիչից, այդպես էլ ֆուտբոլը սկսում է մարզադաշտից: Հանրապետական մարզադաշտը, որպես այդպիսին, հակաֆուտբոլային է՝ «կախիչից» սկսած:
Այդ մարզադաշտը Երեւանի պատմության մի մաս է՝ անխոս, բայց ներկան ունի իր հրամայականները եւ ամոթ է ֆուտբոլասերին ծառայություն մատուցել այդպիսի մարզադաշտով: Եվ դա միայն այսօրվա ամոթը չէ, դա նաեւ մինչեւ 2018-ը եղած համակարգի ամոթն է: Որովհետեւ Հայաստանը պատշաճ մարզադաշտ պետք է ունենար մինչեւ այդ: Անկախության քառորդ դարը բավարար էր, որ Հայաստանում կառուցվեր պատշաճ միջազգային ստանդարտի գոնե 25-30 հազարանոց մի մարզադաշտ, կամ պատշաճ վերակառուցման ենթարկվեին Հրազդանը կամ Հանրապետականը:
Ստադիոն մուտք գործելուց սկսում է անպատշաճությունն ու արհամարանքը ֆուտբոլասերի նկատմամբ, եւ ստադիոնից դուրս գալուց հետո միայն ավարտվում:Ես էլ չեմ խոսում այն մասին, որ տրիբունաների երեւեի թե հազիվ մի 60 տոկոսն է, որ հարմար է ֆուտբոլ դիտելու համար, իսկ մնացյալը՝ այնպես, ինչքան եւ ինչպես որ կստացվի:
Եվ հիմա էլ, թերեւս իրավիճակը պետք է չափվի դրանով՝ կառուցվու՞մ է նոր մարզադաշտ, թե՞ ոչ, որքանով է այդ հարցը գործնականում փուլում: Որովհետեւ նկարել Ակադեմիական քաղաքի մի մակետ, ու այնտեղ ինչ-որ տեղ էլ պատկերել «ազգային նոր մարզադաշտը», ներեցեք, բայց դա էլ մի այլ կարգի ծաղր է: Կառուցո՞ղ եք, անցեք գործի հենց հիմա:»։
–00—ԱՊ