Կիրանցում նոր դպրոց բացեցին, բայց գյուղի բարձր դասարանցիները հաճախում են ուրիշ դպրոցներ․ Սարգսյան

06/09/2025 15:58 Ներքին կյանք

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է. «2024թ․ սեպտեմբերի 1-ին բացվեց սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի շենքը։ Մինչ այդ ասում էին, որ նորակառույց դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, սակայն այդպես չեղավ, գյուղի բարձր դասարանցիները նախկինի նման դասեր են անում Իջևան համայնքի այլ բնակավայրերի դպրոցներում։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին սեպտեմբերի 1-ին հարցրել եմ․ «Ներկայումս քանի՞ աշակերտ ունի Կիրանցի դպրոցը, այն ե՞րբ է միջնակարգի կարգավիճակ ստանալու։ Կիրանցի բնակիչ 10-12 դասարանցի քանի՞ աշակերտ կա, նրանք Իջևան համայնքի ո՞ր դպրոցներում են սովորում, պետական բյուջեից 2025թվականի համար որքա՞ն գումար է նախատեսված նրանց այլ բնակավայրի դպրոց տեղափոխման և վերադարձի համար»։

Մարզպետարանից պատասխանել են․«Ներկայումս Կիրանցի դպրոցն ունի 42 աշակերտ: Կիրանցի բնակիչ 10-12-րդ դասարանցի 9 աշակերտ կա, նրանցից 8-ը սովորում է Ն. Ծաղկավանի միջն. դպրոցում, 1-ը՝ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասղեկը հաշվապահին է ներկայացնում տվյալ աշակերտի հաճախումների թիվը, ըստ որի յուրաքանչյուր օրվա համար տեղափոխման և վերադարձի համար աշակերտին տրվում է 200 դրամ»»:

–00—ՅՄ