Ոստիկանները սուրենավանցու հողամասում կանեփի բույսեր և նույն բույսից պատրաստած զանգված են հայտնաբերել

06/09/2025 11:08 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սուրենավան գյուղի 50-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց։ Համայնքային ոստիկանները սեպտեմբերի 4-ին ստուգման նպատակով այցելել են նշված հողամաս, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի բույսեր և չորացրած զանգված։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հողամասում հայտնաբերվել են կանեփի 33 բույս և նույն բույսից պատրաստած 19,7 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված։

50-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Վեդիի քննչական բաժին։

—00—ԼԱ