Հարցվածների 72%-ը նշել է՝ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, խիստ բացասական են համարում նրա կալանքը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ-ում հարցված քաղաքացիների 72 տոկոսը բացասական վերաբերմունք ունի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման նկատմամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Հարցին՝ այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, հարցվածների 62 տոկոսը դրական պատասխան է տվել, բացասական՝ 18 տոկոսը, դժվարացել է պատասխանել 20 տոկոսը․ «Ընդ որում, 62 տոկոսը ամենաբարձրն է, որը գրանցվել է վերջին երեք տարվա ընթացքում՝ կապված քաղբանտարկյալների հետ։ Հարցին, թե ում են համարում քաղբանտարկյալ, 72 տոկոսը նշել է՝ Սամվել Կարապետյանին»,- ասել է Նավասարդյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Հետաքրքիր է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։ Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները փոփոխություններ իրականացրին օրենսգրքում և փաստացի Կարապետյան ընտանիքից վերցրին ՀԷՑ-ը կառավարելու գործառույթը՝ նշանակելով ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին իբրև կառավարիչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ