Տեղի է ունենում ջրի այլ նպատակային օգտագործում, գործում է կոռուպցիոն սխեմա․ Ջերմուկի բնակիչ

03/09/2025 23:38 Ներքին կյանք

 

Ջերմուկ համայնքի բնակիչ  Շիրակ Բունիաթյանն ահազանգում է․

«Այս տեսանյութում հստակ երևում են ջրցան մեքենաներ, որոնք լիցքավորվում են իսկ մյուս կադրերում էլ երևում են փոշու նստեցման համար ջրում հողային ճանապարհներին։

Իսկ հիմա մի փոքր մանրամասնեմ։

Մեքենաները լիցքավորվում են Կեչուտի ջրամբարից սկիզբ առնող և Վայոց ձորի որոշ գյուղերի համար նախատեսված ջրագծից։

Այդ ջրագծից նաև ոռոգման համար ջուր է հատկացված Գնդեվազ գյուղին։

Իմ տեղեկություններով ինչպես մյուս բաժանորդները, այնպես էլ Լիդիան ընկերությունը ունի ոռոգման նպատակով ջրօգտագործման թույլտվություն։

Իսկ այս կադրերում հստակ երևում է, որ տեղի է ունենում ջրի այլ նպատակային օգտագործում։

Իմ տեղեկություններվ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB- ը ստուգման արդյունքում բացահայտվել էր կոռուպցիոն սխեմա ու նյութերն ուղարկվել էին Պետական Վերահսկողության Ծառայություն:

Բացի նրանից, որ իրենք չունեն այդ իրավունքն ու թույլտվությունը, այդ գործողության հետևանքով առաջանում են բազմաթիվ խնդիրներ։

Նշեմ կարևորներից երկուսը։

Նախ մեծ քանակի ջուր վերցնելու հետևանքով Կեչուտի ջրամբարից այդ ջրագծին նախատեսվածից ավելի շատ ջուր է տրամադրվում, այդպիսով խիստ նվազեցնելով դեպքի Սևան գնացող ջրի քանակը։ Ինչպես նաև Արփա գետով այլևս շատ քիչ ջուր է հոսում ազդելով Արփաի հովտի բնության վրա։

Ջերմուկի «Մամարզա» կոչվող տարածքում Արփա գետը վերածվել է փոքրիկ վտակի և տեսանելի են ափամերձ շրջանում արդեն իսկ չորացող ծառերն ու թփուտները։

Ես որպես ՀՀ քաղաքացի տեսնելով սա հրապարակում եմ և դիմում եմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որպեսզի պարզաբանի նշածս խնդիրները։

Դիմում եմ նաև «Եղեգնաձոր» ՋՕԸ-ին, քանի որ իմ տեղեկություններով այդ ջրագիծը իրենց ենթակայության ներքո է գտնվում։

Նաև տեղյակ եմ, որ այդ ընկերությանը Արփա գետից այլ նպատակների համար տրվել է ջրօգտագործման թույլտվություն, ըստ որի պետք է կառուցվի պոմպակայան և Արփայի կիրճից ջուրը մղվի դեպի իրենց տարածք։

Տեսանելի է, որ մեկնարկել է ջրագծի կառուցման աշխատանքները, բայց դրանք դեռ վաղ փուլերում են և ջրագիծն ու պոմպակայանը պատրաստ չեն շահագործման»։

–00—ՍՊ