ՍԴ պատվիրակությունը մասնակցել է Աստանայում Սահմանադրության 30-ամյակի միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

2025 թվականի օգոստոսի 28-ից 31-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը և «Սահմանադրություն և պետականություն. իրավունքի և ապագայի երկխոսություն» խորագրով միջազգային գիտագործնական ժողովին:
Օգոստոսի 28-ին Աստանայում մեկնարկած միջազգային գիտաժողովի առանցքային թեմաներն էին.
• Սահմանադրությունը՝ որպես արդարադատության ոլորտում պետական քաղաքականության հիմք, դրա դերը կարգուկանոնի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման գործում։
• Սահմանադրական դատարանը՝ որպես քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավոր, բողոքարկման մեխանիզմները և դրանց արդյունավետությունը։
• Լսող պետության մոդելի ներդրումը դատական վարույթի ոլորտում, դատական համակարգի բացության և թափանցիկության բարձրացումը:
• Դատավարության ընթացքում կողմերի դատավարական հավասարության երաշխիքները, մարտահրավերներ և նորարարական լուծումները:
• Թվայնացման ազդեցությունը արդարադատության արդյունավետության և մատչելիության վրա, հիմնական նվաճումները և զարգացման հեռանկարները։
Գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: Շնորհավորելով իր ղազախ գործընկերներին ու ողջ ղազախ ժողովրդին պետական կարևոր տոնի կապակցությամբ՝ Ա. Դիլանյանն իր ելույթում անդրադարձել է ժողովրդավարական պետություններում Սահմանադրության կենսագործման կարևորության և այս գործում սահմանադրական դատարանների անփոխարինելի դերակատարության հարցերին: Ի մասնավորի՝ նշվել է, որ սահմանադրական դատարանների առաքելությունն է սահմանադրական արդարադատության միջոցով ապահովել Սահմանադրության գերակայությունը, առանձնաբար, ժողովրդավարական, իրավական պետության կայացման նախադրյալների ապահովումը, սահմանադրական ժողովրդավարության ամրապնդումը, Սահմանադրության հիմնարար արժեքների ու սկզբունքների իրացման օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքների ստեղծումը, դատական իշխանության անկախության ու անկողմնակալության նկատմամբ հասարակական վստահության ամրապնդումը: Հատուկ խոսվել է կոնկրետ սահմանադրական վերահսկողության բացառիկ նշանակության մասին՝ մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության, Սահմանադրության գերակայության ապահովման, Սահմանադրությանը համահունչ իրավական մշակույթի ձևավորման գործում, առանց որի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը լիարժեք չէր լինի, իսկ Սահմանադրությանը համահունչ իրավական համակարգի և իրավակիրառ պրակտիկայի զարգացումը թերի կլիներ, եթե Սահմանադրության առաջնային շահառուները՝ անհատները, չունենային Սահմանադրական դատարան ուղիղ դիմում ներկայացնելու իրավունք:
Սահմանադրության 30-ամյակին նվիրված գիտաժողովին հաջորդել է հանդիսավոր միջոցառումը: Ղազախստանի Անկախության պալատում ելույթ են ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովան։ Այնուհետև տեղի է ունեցել Սահմանադրության 30-ամյակին նվիրված հոբելյանական հուշադրամի ներկայացումը, ապա՝ նամականիշի մարման արարողությունը։ Այցի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Աստանայի միջազգային համալսարանի ռեկտոր Սերիկ Իրսալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները` իրավական ոլորտում լավագույն փորձի փոխանակման համատեքստում։
—00—ԼԱ