Ապամոնտաժվել է բնության հուշարձան հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարը․ ԲԸՏՄ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հաղորդվել էր համացանցում քաղաքացիների կողմից տարածված Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
Պարզվել է, որ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։
Բնության հուշարձան հանդիսացող Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել և առգրավվել է։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորում է հանրության հետ ակտիվ համագործակցությունը բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման գործում»։
–00—ՅՄ