Այժմ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը եւ հանդես եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Պատվավո՛ր նախագահող Սի Ծինփին,
Հարգելի՛ Նուրլան Երմեկբաև,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգարժա՛ն պատվիրակներ,
Նախ և առաջ կցանկանայի երախտագիտությունս հայտնել պարոն Սի Ծինփինին Շանհայի համագործակցության կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահության ներքո ընթացող գագաթնաժողովի շրջանակներում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:
Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ մասնակցել գագաթնաժողովին՝ որպես երկխոսության, վստահության և համագործակցության հարթակ:
Վստահ եմ, որ Չինաստանի նախագահության ներքո ձեռնարկվող քայլերն իրենց նպաստը կբերեն Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտմանը՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ:
Հարգելի գործընկերներ,
Օգոստոսի 8–ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության Հռչակագիր, նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը։
Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա։ Երեկ գագաթնաժողովի մասնակից առաջնորդները, այսօր էլ շնորհավորում էին թե մեզ, թե Ադրբեջանին հաստատված խաղաղության համար, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։
Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, և կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը: Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ: Այս ամենի, այս նախագծերի իրականացման արդյունքում, և ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Եվ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներպետական, երկկողմ եւ միջազգային հաղորդակցության համար, այլեւ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ մեր եւ Ադրբեջանի անմիջական հարեւանների համար։
—00—ՄԱ