Այսօր կրթված քաղաքացին դարձել է մեր պետության ամենաանհրաժեշտ ռեսուրսը․ հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հայաստանի բուհերի արհմիության նախագահությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Հարգելի դասախոսներ, կրթության ոլորտի սիրելի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է ոչ միայն աշնան առաջին օրը, այլև նոր մի ճանապարհ՝ դեպի գիտելիք, կրթություն ու զարգացման նոր հորիզոններ։ Այսօր առավել, քան երբևէ կրթությունն ու գիտելիքը մեզ համար առանցքային արժեքներ են՝ մեր պետության հզորացման, ինքնության պահպանման և ապագայի կերտման գործում։
Դարերի ընթացքում հայ ժողովուրդը գոյատևել է ու զորացել իր մտքի ուժով։ Այսօր մենք կանգնած ենք մի շրջադարձային փուլում, երբ կրթված, մտածող ու պատասխանատու քաղաքացին դարձել է մեր պետության ամենաանհրաժեշտ ռեսուրսը։ Այս պատասխանատվությունը առաջին հերթին դրված է ձեզ վրա՝ մեր հարգարժան դասախոսներ։ Դուք եք ձևավորում այն սերունդը, որը ոչ միայն գիտելիք կունենա, այլ նաև կրողը կլինի արժեքների, հայրենասիրության ու պետական մտածողության։
Շնորհակալություն ենք հայտնում ձեր նվիրված աշխատանքի, հոգատարության և ամենօրյա տոկուն ջանքերի համար։ Ձեր գործունեությունն այսօր պարզապես մասնագիտական պարտականություն չէ, այլ՝ առաքելություն։
Մաղթում ենք ձեզ ուժ, եռանդ, ստեղծագործում և նոր ձեռքբերումներ։
Թող այս ուսումնական տարին լինի հաջողություններով ու զարգացմամբ լի՝ ինչպես ձեզ համար, այնպես էլ մեր երկրի ողջ կրթական համակարգի»։
—00—ՄԱ