Արզական գյուղի հարակից սարում բռնկված հրդեհը պահանջել է լայնածավալ գործողություններ․ մանրամասներ

31/08/2025 23:49 Ներքին կյանք

Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարում բռնկված խոտածածկույթի հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության արագ արձագանքն ու լայնածավալ գործողությունները։

Հրդեհի վայրում անմիջապես աշխատել են շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի և ՆԳՆ փրկարար ծառայության համատեղ ուժերը։

Դեպքի վայր են ժամանել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։ Ներգրավված են եղել նաև Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը և վարչության ողջ անձնակազմը։

Համակարգված գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներ։

Հրդեհաշիջման գործողությունները շարունակվում են»:

–00—ՍՊ