Առաջնորդելու եմ, որ Վեհարանն ազատվի Կտրիճ Ներսիսյանից, առաջիկայում կտեսնեք դրսևորումները

28/08/2025 12:30 Ներքին կյանք

Առաջնորդելու եմ, որ Վեհարանն ազատվի Կտրիճ Ներսիսյանից, առաջիկայում կտեսնեք դրսևորումները։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի ՀԱԵ հետևորդների ջանքերով, որոնցից մեկն էլ ես եմ. ասել եմ՝ առաջնորդելու եմ այդ գործընթացը»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արշավ է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Արշավի նախերգանքը եղավ այն, որ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում մեղադրեց հոգևորականներին «եկեղեցիները չուլանի վերածելու մեջ»։ Ինչից հետո հարձակումներ սկսեցին ՀԱԵ բազմաթիվ հոգևորականների՝ բարձրաստիճան սպասավորների՝ Վեհափառ Հայրապետի, արքեպիսկոպոսների նկատմամբ։ Այս ամենի շրջանակում դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք, լրագրողներին հեռացրին Վեհարանի տարածքից՝ կողպելով դարպասները։

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ կալանավորված են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀԱԵ Շիրակի թեմ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, նրանց մեղադրում են իբրև թե «ահաբեկչության նախապատրաստման և իշխանությունը զավթելու կոչ անելու հանցանքների մեջ։»։

Մանրամասները՝ տեսանյութում։