«24News»-ի լրագրողին հարվածած ոստիկանի նկատմամբ քրգործ է հարուցվել, 4-8 տարի ազատազրկում է սպառնում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28 24News
2025 թվականի հունիսի 16-ի առավոտյան՝ ժամը 9։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ համայնքում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ծանր միջադեպ տեղի ունեցավ․ ոստիկանության ծառայող Ալեքսանդր Ազարյանը տեսախցիկների առջև՝ ուղիղ եթերում, հարվածեց 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին (տեսագրությունը՝ ստորև)։
Միջադեպից կարճ ժամանակ անց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Աշտարակի խճուղում Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Այնուհետև 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին Ոստիկանության աշխատակցի հարվածելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով): Վարւյթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետքին» հայտնեց, որ վարույթը նախաձեռնվել է Գլխավոր դատախազությունից ստացված նյութերի՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու արդյունքում:
Այսօր՝ օգոստոսի 18-ին, հիշյալ խայտառակ միջադեպից շուրջ 2,5 ամիս անց, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը վիդեոտեսագրության միջոցով հայտնեց․
«Անչափ կարևոր հաջողության պատմություն ունեցանք․ «24News»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը հարցաքննության ընթացքում մեղքը չէր ընդունում, բայց մեր համոզմամբ, մեկից մեկ պարզ էր ամեն ինչ։ Սա ես ասում եմ մեկուկես ամիս առաջվա մասին։
Մեկ էլ, այսօր տեղեկանում եմ, որ վարույթի ավարտ են հայտարարել, ընդ որում, վարույթը ոչ թե կարճվել է, այլ այն ուղարկել են դատարան։ Փաստորեն, օգոստոսի 26-ին Ազարյան ազգանունով ոստիկանին մեղադրանք են առաջադրել ծանր հոդվածով՝ 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով, այսինքն՝ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է բռնությամբ, էս հոդվածն իր համար ընդեղ դրված էր, չէր աշխատում, բայց այսօր աշխատեց, առաջին ծիծեռնակն է։ Գործն ուղարկում են դատարան։ Խափանման միջոցն ընտրվել է բացակայելու արգելքը՝ ամենամեղմ խափանման միջոցը։ Անձամբ ես ողջունել եմ դա, ինչո՞ւ․ խնդիրը նրանում է, որ Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի և մյուսների գործերում էլ կալանքը չպիտի կիրառվեր որպես խափանման միջոց։
Ոստիկաննե՛ր, ձեզ թվում ա՝ ինչ ուզեք, կանե՞ք։ Ձեր դեպքում քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը չի գործում, երկար տարիներ «սռոկ» վերցնելու ճանապարհ մի՛ բռնեք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ