Հագուստ արտադրող երկու ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱԼԵՔՍ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 52-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 337 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՕՐԻԳԻՆԱԼ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է ևս օգտագործել հագուստի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 589․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 30 մլն դրամի ներդրում նոր արտադրամասի ընդլայնման և վերազինման համար։
Ներկայումս առկա է 24 աշխատատեղ 109 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 40-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 589․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44․9 մլն դրամ։
–00—ՅՄ