Հայտնաբերվել է 510 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց․ ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հետևողականորեն պայքարում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով ապօրինի տեղափոխման դեմ։
Գերատեսչական համագործակցության շրջանակում, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից տվյալներ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունը փոխանցվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին հնարավոր է Ագարակ սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներմուծի թմրամիջոցներ: Քաղաքացին վերցվել է հսկողության։ ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Գ․Ծ․-ին պատկանող ուղեբեռները: Պոլիէթիլենային տոպրակի մեջ առկա 2 բարձից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերվել է մեկական թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
–00—ՅՄ