Թբիլիսին Երևանից էժան քաղաք է

27/08/2025 23:43 Ներքին կյանք

Numbeo հետազոտական կազմակերպությունը թարմացրել է Թբիլիսիի և Երևանի կենսապահովման արժեքի ինդեքսը։

Կազմակերպությունը համեմատել է Վրաստանի և Հայաստանի մայրաքաղաքներում կենսապահովման արժեքը՝ հիմնվելով մի շարք ցուցանիշների վրա։

Տվյալները ցույց են տալիս, որ Երևանում կենսապահովման արժեքը, բացառությամբ վարձակալության (բնակարանի վարձակալություն), 18.8%-ով ավելի թանկ է, քան Թբիլիսիում։ Կազմակերպությունը նշել է, որ ընդհանուր առմամբ Թբիլիսին 13.9%-ով ավելի էժան է, քան Երևանը։

Numbeo-ի հետազոտության համաձայն, նույն չափանիշներով ապրելու համար Թբիլիսիում մեկ ամսվա համար անհրաժեշտ է մոտ 8400 լարի (ներառյալ բնակարանի վարձակալությունը), իսկ Հայաստանում՝ 1 մլն 361 հազար 325 հայկական դրամ (9,571 լարի)։

Ինչ վերաբերում է վարձակալության  գներին, ապա տվյալների համաձայն՝ Երևանի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձակալության գինը կազմում է 286 հազար 190 դրամ (2012 լարի), մինչդեռ Թբիլիսիում` 1922 լարի է։ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասում երեք սենյականոց բնակարանի վարձավճարը կազմում է 3697 լարի, մինչդեռ Հայաստանի մայրաքաղաքում` 484 հազար 90 հայկական դրամ (3,403 լարի) է:

Numbeo-ի տվյալներով` Հայաստանում ռեստորաններում ճաշելը 4%-ով ավելի թանկ է, սննդի գները 5.4%-ով է թանկ, իսկ գնողունակությունը՝ 22.7%-ով ցածր է Վրաստանից:

Նույն ուսումնասիրության համաձայն, Վրաստանում ամսական միջին աշխատավարձը, առանց հարկերի, 11.9%-ով ավելի բարձր է Հայաստանից: Հայաստանի դեպքում միջին աշխատավարձը կազմում է 1517 լարի (215 հազար 777 հայկական դրամ), մինչդեռ Վրաստանում` 1721 լարի է:

–00—ՍՊ