Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին՝ այս պատասխանատու ուղին ինձ վստահելու համար

27/08/2025 17:00 Ներքին կյանք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակված Նարեկ Մկրտչյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Այս պաշտոնն ստանձնել եմ մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած էր լրջագույն ճգնաժամի առաջ՝ հետպատերազմական շրջանում. այս ընթացքում աշխատել եմ իմ փորձն ու գիտելիքը ծառայեցնել խնդիրների լուծման, ոլորտի զարգացման ու հատկապես խոցելի խմբերի կյանքի որակի բարելավման ուղղությամբ։

Անցած 4 և ավելի տարիների ընթացքում մեզ հաջողվեց իրականացնել մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ մի քանի անգամ վերանայել կենսաթոշակների և նպաստների չափերը, ներդնել հետվճարի մեխանիզմը, կենսաթոշակ/նպաստների դեպքում 0-ական անկանխիկ շրջանառությունից հասնել հարյուր և ավել միլիարդ դրամի շրջանառության։

Իրականացրել ենք բազմաթիվ նոր ծրագրեր ու միջոցառումներ, որոնց շարքում առանձնահատուկ կուզենամ ընդգծել Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագիրը, որը մեկնարկեց զրոյից ու կարճ ժամանակում հազարավոր ընտանիքների հնարավորություն տվեց կառուցել իրենց տունը, ունենալ սեփական տանիք՝ միաժամանակ նպաստելով նաև սահմանամերձ համայնքների զարգացմանը։

Մշակվեցին ոլորտային կարևորագույն փաստաթղթերը՝ Ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարությունները, լիարժեք գործարկվեց անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, մշակվեցին ու հաստատվեցին ամենակարևոր ռեֆորմներից մեկի կիրառման իրավական հիմքերը, ինչը հնարավորություն տվեց պիլոտավորել ու լիարժեք ներդրման պատրաստել Անապահովության գնահատման նոր համակարգը։

Ուրախ եմ արձանագրել նաև, որ վերջին տարիներին նախարարությանը հաջողությամբ կարողացել ենք ներգրավել ոչ միայն մի շարք միջազգային հարթակներում, այլև ինքներս ենք ստեղծել պլատֆորմ, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց լավագույն փորձը, փոխանակել մտքեր և իրականացնել համատեղ նախաձեռնություններ։

Նախորդ տարիներին լայնածավալ աշխատանքներ են տարվել նաև Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացման ուղղությամբ․ շարունակաբար կատարելագործվել են մատուցվող ծառայությունները՝ քաղաքացիների կարիքներին ավելի արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով։

Այս ընթացքում առավելագույնս ջանքեր ենք ուղղել ծառայությունների թվայնացման ուղղությամբ, ստեղծել ենք ՀՀ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը:

Զգալի աշխատանք իրականացվեց նաև անկախ կյանքի կենտրոնների հիմնման, ինչպես նաև խնամքի հաստատությունների վերազինման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է տեղահանված մեր հայրենակիցներին, ապա նրանց աջակցության գործընթացը ևս դարձրել ենք մեր ամենօրյա աշխատանքը։ Խնդիրների հիմնովին լուծման կարևոր փուլում ենք, և լիահույս եմ, որ սոցիալական աջակցության տրամադրումից զատ, ընթացքի մեջ գտնվող բնակապահովման ծրագիրը թույլ կտա ակնկալված արդյունքն ապահովել, ու մեր հայրենակիցների կեցության հարցը կկարողանանք ամբողջովին լուծել։

Այս ոլորտում աշխատանքն անսպառ է, ու վստահ եմ՝ գործընկերներս պատվով կշարունակեն մեկնարկած ծրագրերի ու միջոցառումների սահուն ընթացքը։

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս՝ Կառավարությունում, Ազգային ժողովում, քաղհասարակությունում, միջազգային կառույցներում՝ վստահության, արդյունավետ համագործակցության և ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում նախարարության աշխատակազմին, ենթակա մարմինների՝ Միասնական սոցիալական ծառայության, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի, ենթակա բոլոր ՊՈԱԿ-ների աշխատողներին՝ ոլորտի հանդեպ ցուցաբերած նվիրումի համար։

Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններում աշխատող մեր մասնագետներին՝ շահառուների նկատմամբ իրենց հոգատար վերաբերմունքի, բարեխիղճ աշխատանքի և ամենօրյա նվիրվածության համար։

Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև իրավապահ մարմիններին՝ նախարարության հետ ակտիվ համագործակցությամբ ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու, իսկ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև այն լրագրողներին, ովքեր այս տարիներին անաչառորեն և բարեխղճորեն լուսաբանել են ոլորտում կատարվող աշխատանքները՝ նպաստելով հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին՝ այս պատասխանատու ուղին ինձ վստահելու համար։

Կշարունակեմ ներդնել իմ փորձն ու գիտելիքը՝ ի շահ մեր հասարակության ու պետության»։

–00—ՅՄ