ՀՀ նախագահն Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է՝ ինչպես զարգացնել համագործակցությունը

26/08/2025 21:31 Ներքին կյանք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ժամանած Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբր Ալ-Մալիքիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունը դինամիկ  զարգանում է առևտրատնտեսական, կրթամշակութային, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Մալիքին կարևորել է Երևանում անցկացված Հայաստան-Իրաք գործարար համաժողովը՝ որպես գործարար շրջանակների միջև կապերի խթանման և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունավետ հարթակ, և շեշտել է նման ձևաչափը պարբերական դարձնելու անհրաժեշտությունը։

–00—ՍՊ