ՌԴ Նախոդկա քաղաքում օծվեց նորակառույց հայկական եկեղեցին

25/08/2025 16:27 Ներքին կյանք

Ճապոնական ծովի գեղատեսիլ ափին փռված Նախոդկա քաղաքը վաղուց հարազատ տուն է դարձել շատ հայերի համար։ Տասնամյակներ առաջ կայք հաստատելով այս քաղաքում՝ հայերը պահպանել են իրենց հավատը, մշակույթը, ազգային ավանդույթները, խաղաղ ու ստեղծագործ կյանքի ձգտումը։ Այս մասին հայտնումէ  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանը։

Օգոստոսի 24-ը Նախոդկայում բնակվող շուրջ երկու հազար հայերի համար հիշարժան օր դարձավ, քանի որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվեց և բացվեց հայկական նորակառույց եկեղեցին։ Աղոթատունը, որն անվանակոչվեց Սուրբ Հարություն անունով, կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆով և ունի 24 մետր բարձրություն։

Օծման հանդիսավոր արարողության ավարտին թեմակալ առաջնորդը օրհնության գիր շնորհեց Սամվել Ավետիսյանին, ինչպես նաև գնահատանքի խոսք ասաց Ավետիսյան եղբայրներին եկեղեցու կառուցման աստվածահաճո գործի համար։ Օրհնության գրի արժանացավ նաև «Ակունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Թադևոսյանը՝ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց և մշակութային կենտրոն կառուցելու համար։

Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած հայեր, ինչպես նաև Հայաստանից եկած ուխտավորներ։ Արարողության ավարտին Նախոդկայի հայերին շնորհավորեց քաղաքապետ Թիմուր Մագինսկին՝ նշելով, որ հայերն իրենց հարուստ մշակութային արժեքներով մեծապես նպաստում են քաղաքի բարգավաճմանը։ «Այսօրվանից այս գեղեցիկ եկեղեցում մշտապես աղոթք կհնչի, կհարստանանք հոգեպես և առավել համախմբված կապրեք։ Սա է մեր միասնության ոգին։ Մեր բազմակրոն և բազմազգ երկրի ուժն այս միասնության մեջ է»,-ասաց քաղաքապետը։

Նախոդկա քաղաքի նորակառույց աղոթատունը Հեռավոր Արևելքի երկրորդ հայկական եկեղեցին է։ Պրիմորիեի երկրամասում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է Վլադիվոստոկ քաղաքում մեկ դար առաջ, 1906 թվականին։ Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը Հեռավոր Արևելք կատարած եռօրյա հովվական այցի ընթացքում եղավ նաև Սուրբ Գևորգ եկեղեցում, իր օրհնությունը բաշխեց հավատացյալներին։ Այցի շրջանակում Տեր Եզրաս արք․ Ներսիսյանին հյուրընկալեց Վլադիվոստոկի և Պրիմորիեի միտրոպոլիտ Պավելը Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում։

—00—ՄԱ