Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկները։ Քննարկվել են COP17-ի արդյունավետ կազմակերպման և միջգերատեսչական համագործակցության ապահովման վերաբերյալ տարբեր առաջարկություններ:
Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը՝ շեշտելով, որ այն ևս մեկ լավ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանը՝ իր տնտեսական ու մշակութային հնարավորություններով: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ:
—00—ՄԱ