Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արամ Թումանյանի վարած «SHACMAN» մակնիշի ինքնաթափ բեռնատարն ու Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկարամ Գարսևանյանի վարած «VOLVO» մակնիշի գլանատակառ բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդներից Ա. Թումանյանին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Բախման հետևանքով բեռնատարից վառելիքի արտահոսք է սկսվել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել են հերթապահություն, մինչև ժամանել են ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները, ապա համատեղ ուժերով իրականացրել են ճանապարհի լվացան աշխատանքներ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
—00—ՄԱ