2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

22/08/2025 15:20 Ներքին կյանք

Հայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Օլիմպիադային 60 երկրի 288 աշակերտ է մասնակցել:

Հայաստանի թիմից արծաթե մեդալների են արժանացել Էմիլ Մուշեղյանն ու Գոռ Հասրաթյանը, բրոնզե մեդալի՝ Նարեկ Գալստյանը, իսկ Վահե Մկրտչյանն ու Նատալի Մարգարյանը՝ գովասանագրերի։Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Արտաշես Մկրտչյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց)։

ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ 2024 թվականի Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի։

—00—ՄԱ