Վիճաբանություն՝ Արզականի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համար

22/08/2025 13:00 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետ Անի Դանիելյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը:

Տեղում պարզվել է, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Ե-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ:  Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանույունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

—00—ՄԱ